Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արևմուտքը դեռ հեռու է իրական ռազմավարության ստեղծումից

Արևմուտքը դեռ հեռու է իրական ռազմավարության ստեղծումից
02.04.2018 | 04:11

Վերջնահաշվում Մեծ Բրիտանիան բնավ մեկուսացած չէ` նվազագույնը 28 երկիր որոշել է 150 ռուս դիվանագետների արտաքսել համատեղ պատասխանի շրջանակում` ռազմական նշանակության քիմիական թունամիջոցի կիրառմամբ մահափորձի Սոլսբերիում: Թեպետ Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է վարկածներ առաջադրել, թե ինչ կարող էր լինել Սերգեյ Սկրիպալի հետ (Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տվյալներով` արդեն 24 վարկած կա), թեպետ ՌԴ կառավարությունը պատրաստվում է հայելային պատասխան տալ, Արևմտյան տերությունների մեծ մասն ընդունում է բրիտանական վարկածը: Նրանց համաձայնության մակարդակը չափազանց նշանակալից է` ռուս դիվանագետների այդպիսի մասշտաբային արտաքսում չի եղել սառը պատերազմի տարիներից:

Իրավիճակը պետք է գնահատել խորքից` հասկանալու, թե որքա՞ն լուրջ է Արևմուտքը վերաբերվում ռուսական ազդեցությանը և որքա՞ն անկանխատեսելի կարող են լինել այդ ազդեցության հետևանքները: Հատկապես զարմանալի էր Ֆրանսիայի ու Գերմանիայի միասնական արձագանքը` երկու երկրներ, որ թիրախ են դարձել ռուսական ներգործության: Ֆրանսիայի անցած տարվա նախագահական ընտրություններում Ռուսաստանը բացահայտ պաշտպանում էր ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցությանը, վարկեր էր տալիս: Ռուսական տրոլներն ու գործակալները օնլայն արշավներ էին կազմակերպում ՙԱյլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության օգտին անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ռուսական ընկերություններն ու ռուսական փողերը օգտագործվել են ֆրանսիացի ու գերմանացի առավել կենտրոնամետ քաղաքական գործիչներին գնելու համար: Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հիմա Կրեմլին պատկանող մի քանի ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է և Ռուսաստանի ակտիվ պաշտպանն է Գերմանիայում: Երկու երկրներում էլ Ռուսաստանի աջակցությունն ունեցող կուսակցություններն ու քաղաքական գործիչները տանուլ են տվել, և դա մասամբ բացատրում է` ինչու՞ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վճռել են հիմա պատասխանել Ռուսաստանին: Մերկելն անվստահությամբ է վերաբերվում Մոսկվայի մտադրություններին Եվրոպայում Ռուսաստանի ՈՒկրաինա ներխուժման պահից, առանց նրա աջակցության հազիվ թե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեին: Ինչպես Մակրոնը, Մերկելը գիտի, որ Ռուսաստանն աջակցում է իր քաղաքական ընդդիմախոսներին և ռուս հաքերները փորձել են կոտրել գերմանացի ու ֆրանսիացի քաղաքական գործիչների կայքերը: Բայց մյուս երկրները այլ տեսակետ ունեն Ռուսաստանի քաղաքական միջամտության վերաբերյալ: Իտալիայում, որտեղ ընտրություններից հետո նոր կառավարություն պետք է կազմավորվի, հրաժարական տված ղեկավարությունը արտաքսել է 2 ռուս դիվանագետի: Մատեո Սալվինին` ռուսամետ ՙՀյուսիսի լիգայի» նախագահն ու հնարավոր վարչապետը, կտրուկ քննադատել է այդ որոշումը: Նրա օրինակին հետևել է ավելի փոքր ուլտրաաջ կուսակցությունը, որ նույնպես կարող է լինել ապագա կոալիցիայում, որ ընդգծել է` «անընդունելի է, որ ժամանակավոր կառավարությունը ՌԴ դեսպանատան երկու աշխատակիցների է արտաքսում»:


Հունաստանը, որտեղ կառավարող ուլտրաձախ կառավարությունն ու նրա ուլտրաաջ կոալիցիոն գործընկերները (այո, տարօրինակ միավորում է) ամուր կապեր են պահպանում Ռուսաստանի հետ, ՌԴ դիվանագետներին չվտարեց: Նույնպիսի որոշում ընդունեց Ավստրիան, որտեղ կառավարող կոալիցիայի կազմում է ուլտրաաջ «Ազատության կուսակցությունը», որ, իհարկե, կապեր է պահպանում Ռուսաստանի հետ:
Այլ խոսքով` ամենուր Սկրիպալի գործն արտացոլում է ռուսական ազդեցությունը տեղական քաղաքականության վրա (կամ այդ ազդեցության դեմ պայքարելու վճռական մտադրությունը): Այդ ապշեցուցիչ փաստը ստիպում է ուշադրություն դարձնել ԱՄՆ-ի արձագանքի տարօրինակության վրա: Առաջին հայացքից` ԱՄՆ կառավարությունը ամենավճռականն է արևմտյան բոլոր երկրներից` վտարել է 60 դիվանագետի ու փակել Սիեթլում ՌԴ հյուպատոսությունը: Այդ որոշմանն աջակցել են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը և պետդեպարտամենտը: Թրամփը նույնպես աջակցել է որոշմանը, սակայն նրա հռետորաբանությունը չափազանց ինքնատիպ էր: Մահափորձից մի քանի օր հետո ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այդ թունավորումն անվանեց աղաղակող, հայտարարելով, որ Ռուսաստանը, ակնհայտորեն, դրա հետ կապ ունի:

Ի տարբերություն նրա` Թրամփը որևէ միանշանակ հայտարարություն չարեց: Իր Թվիթերում, որտեղ պարբերաբար գրում է իսլամիստական ահաբեկչության մասին, նա ոչ մի խոսքով չհիշատակեց թունավոր քիմիական նյութը: Բացի այդ` նա թեման նույնիսկ չքննարկեց ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում: Նրա իսկական վերաբերմունքը Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նախկինում, հանելուկ է մնում: Նվազ հանելուկ չեն և հետագա գործողությունները: ԱՄՆ որևէ այլ նախագահ, ում նպատակը Եվրոպայում ռուսական ազդեցության վերացումն էր, արդեն կսկսեր մտածել երկարաժամկետ պատասխան Մոսկվային: Այդ նախագահն արդեն կհամագործակցեր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Մակրոնի ու Մերկելի հետ, որ լիովին գիտակցում են ռուսական քաղաքական միջամտության վտանգավորությունը: Պատասխան միջոցառումները կարող էին ներառել ոչ միայն վիզային սահմանափակումները, այլև ավելի լուրջ քայլերը` ռուսական կոռումպացված քաղաքական գործիչների ու բիզնեսմենների փողերի դուրսբերման: Այդ միջոցները կարող էին կենտրոնանալ Պուտինի հետ սերտ գործակցող օլիգարխների վրա, որոնցից շատերն ապրում են Եվրոպայում: Այդ միջոցները կարող էին խանգարել նրանց փողերը լվանալուն` Լոնդոնի ու Նյու Յորքի անշարժ գույքի շուկաներում ներդնելով: Բայց մենք գիտենք, որ այդ նախագահը բիզնեսմեն է, որ շահ է ստանում Նյու Յորքի անշարժ գույքի շուկայով հոսող ռուսական փողերից, դա չի անի: Եվրոպացիները նույնպես գիտեն: Նկատեցի՞ք, որ բրիտանացիները եվրոպական երկրների աջակցությունը որոնեցին ոչ թե ՆԱՏՕ-ի շրջանակներում, այլ` ԵՄ-ի, որի անդամ է մեծ Բրիտանիան դեռ, իսկ ԱՄՆ-ը` ոչ: Այս արտաքսումները ցույց տվեցին, որ Արևմուտքը նախկինի պես բավականաչափ համերաշխ է, որ կարողանա միասնական ռազմավարություն մշակել Ռուսաստանի գրոհներին, բայց նաև ցույց տվեցին, որ մենք դեռ հեռու ենք իրական ռազմավարության ստեղծումից:
Էնն ԷՊԼԲԱՈՒՄ, The Washington Post


Հ.Գ. Համարյա մեկ ամիս է անցել Սկրիպալների թունավորումից, հրապարակավ Մեծ Բրիտանիան որևէ ապացույց չի ներկայացրել, որ Ռուսաստանը կապ ունի թունավորման հետ, բայց Սոլսբերիի դիվանագիտական պատերազմը հասել է գագաթնակետին` 150 ռուս դիվանագետներ են արտաքսվել Եվրոպայից ու ԱՄՆ-ից, նույնքանը ճամպրուկներն է հավաքել Ռուսաստանում: Փաստացի` այս արտաքսումները ոչ թե Սկրիպալների թունավորման պատասխանն են, այլ Արևմուտքը հարմար պատրվակ է գտել պատասխանելու Պուտինին այն ամենի համար, ինչ արել է ու չի արել: Սա տասնամյակներ Կրեմլի վարած հակաարևմտյան քաղաքականության հետևանքն է, որ սպառնում է վերջնականապես դառնալ սառը պատերազմ: Ո՞վ կանգ կառնի ու կանի առաջին ընդառաջ քայլը` հասկանալով առճակատման հնարավոր հետևանքները: Հարց է, որի պատասխանը կողմերը գցում են միմյանց վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ